Մայիսի 30-ին Արմենիա Մարիոթ հյուրանոցի Արարատ սրահում տեղի ունեցավ «Հաշմանդամություն ունեցող 2-18 տարեկան երեխաների կենսագործունեության, մասնակցության և միջավայրային գործոնների գնահատման» մեթոդական ձեռնարկի շնորհանդեսը։
Ձեռնարկը մշակվել է «Սեյվ դը չիլդրեն ինթերնեշնլի» հայաստանյան ներկայացուցչության՝ «Համայնքահեն ծառայություններ հաշմանդամություն ունեցող երեխաների համար» ծրագրի շրջանակներում՝ ԱՀԿ ՖՄԴ սկզբունքների հիման վրա «Լիարժեք կյանք» (Full Life NGO) և «Արմավիրի զարգացման կենտրոն» (Armavir Development Center) հասարակական կազմակերպությունների հետ գործընկերությամբ։ Ձեռնարկի հեղինակներն են« Լիարժեք կյանք» (Full Life NGO) և «Արմավիրի զարգացման կենտրոն» (Armavir Development Center) հասարակական կազմակերպությունների բազմամասնագիտական թիմերը:
Ձեռնարկի շնորհանդեսին ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, ՀՀ ազգային ժողովի պատգամավոր Ջեմմա Բաղդասարյանը։ Վերջինս իր ելույթի ընթացքում նաև ընթերցեց ՀՀ ԱԺ նախագահ, մասնագիտությամբ բժիշկ Արա Բաբլոյանի ուղերձը՝ ուղղված շնորհանդեսի մասնակիցներին, որում, նշելով հաշմանդամություն ունեցող երեխաների խնդիրների մասին :
«Ձեռնարկը հնարավորություն է ստեղծում մասնագետների համար, խոսելու նույն լեզվով, քանի որ ՖՄԴ-ն ներկայացնում է մի ընդհանուր հենք և լեզու, որն օգնում է բացահայտել անձի կենսագործունեության,մասնակցության և միջավայրային գործոնների խոչնդոտները:ՖՄԴ-ն շեշտը դնում է անհատի ուժեղ կողմերի, պահպանված կարողությունների վրա՝ նպաստելով նրա առավել ակտիվ մասնակցությանը հասարակական կյանքում՝ ներառյալ աշխատանքային գործունեությունը:
ՖՄԴ-ն հաշվի է առնում միջավայրային գործոնների դերը հաշմանդամության սահմանման հարցում:
ՖՄԴ-ն անձի ակտիվությունն ու մասնակցությունը, ֆունկցիոնալությունը և կենսագործունեության սահմանափակումները դիտարկում է առողջական վիճակի և կոնտեքստուալ (միջավայրային և անհատական) գործոնների փոփոխության ու դինամիկ փոխազդեցության համատեքստում:
ՖՄԴ-ում ընդգրկված է միջավայրային գործոնների ծավալուն ցանկ, որն օգնում է գնահատելու միջավայրի դրական կամ բացասական ազդեցությունը անհատի գործունեության վրա: