Օգոստոսի 25-ին «Լիարժեք կյանք» ՀԿ-ի ամառային ներառական ճամբարում կրկին մարդաշատ, ջերմ ու տոնական մթնոլորտ էր։ Տեղի ունեցավ արդեն գեղեցիկ ավանդույթ դարձած բարեգործական համերգը։
Համերգային ծրագրին մասնակցեցին սիրված հեղինակ-կատարողներ Ռուբեն Հախվերդյանը, Էդվարդ Զորիկյանը, Գագիկ Շիբոյանը, ինչպես նաև Ստեփանավանի երիտասարդ կատարողներ՝ Սոնա Ամիրխանյանը և Լիդիա Թունյանը։
Միջոցառման աջակից «Հուսո տուն» բարեգործական հիմնադրամի սաները հիմնադրամի դաշտային խոհանոցում պատրաստեցին և միջոցառման մասնակիցներին մատուցեցին շատ համեղ ուտեստներ։
Միջոցառման հյուրերի թվում էին նաև սիրված դերասան Սերգեյ Դանիելյանը և «Ջերմիկ անկյուն» հիմնադրամի տնօրեն Մուշեղ Կիրակոսյանը։
«Լիարժեք կյանք» ՀԿ-ի ամառային ներառական ճամբարում տարեկան հանգստանում է շուրջ 300 հաշմանդամություն ունեցող և հաշմանդամություն չունեցող երեխա։
Այս տարի, ինչպես նաև նախորդ վեց տարիներին ճամբարն իրականացվում է Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ։
Բարեգործական համերգի ընթացքում հանգանակվեց 195 500 դրամ, որն ամբողջությամբ ուղղվելու է ամառային ներառական ճամբարի պայմանների բարելավմանը, մասնավորապես՝ խաղահրապարակի բարեկարգմանը։

Համերգն ավարտվեց հիշարժան լուսանկարներով և հաջորդ տարի մեր սիրելի կատարողներին ու հյուրերին կրկին հանդիպելու ջերմ սպասումով։
Սրտանց շնորհակալություն ենք հայտնում մեր սիրելի երաժիշտներին, երիտասարդ կատարողներին, «Հուսո տուն» բարեգործական հիմնադրամին ու նրա սաներին, միջոցառման հյուրերին, ինչպես նաև բոլոր նվիրատուներին և մասնակիցներին, որոնք իրենց ներկայությամբ ու աջակցությամբ այս օրը դարձրին իսկական տոն։
Համերգային ծրագիրն ավարտվեց, սակայն ճամբարի զարգացմանը նպաստելու հնարավորությունը շարունակում է գործել։ Նվիրատվություն կատարելու համար անհրաժեշտ տվյալներն են՝
Շահառու՝ «ԼԻԱՐԺԵՔ ԿՅԱՆՔ» ներառական հասարակության խթանման ՀԿ
Բանկ՝ «Ամերիաբանկ» ՓԲԸ
Դրամային հաշվեհամար՝ 1570018829580100
Վճարման նպատակ՝ «Նվիրատվություն ամառային ներառական ճամբարի զարգացման համար»

Յուրաքանչյուր երեխա արժանի է իր հասակակիցների հետ ամառային հանգիստը լիարժեք վայելելու հնարավորությանը՝ ներառական, ապահով և հարմարավետ միջավայրում։
Դարձե՛ք նվիրատու և նպաստե՛ք երեխաների առօրյան ավելի հետաքրքիր, ապահով ու հարմարավետ դարձնելուն։