Պատմություն
«Լիարժեք կյանք» ներառական հասարակության խթանման հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 1998 թվականի հուլիսի 17-ին քաղաքացիական նախաձեռնության արդյունքում։ Կազմակերպությունը հիմնադրվել և կառավարվում է հաշմանդամություն ունեցող անձանց կողմից։
Ի սկզբանե կազմակերպությունը կոչվում էր «Լիարժեք կյանք» հաշմանդամների միություն հասարակական կազմակերպություն, որի նպատակն էր պաշտպանել հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները և ստեղծել հավասար հնարավորություններ։ 2005 թվականի հոկտեմբերի 4-ին կատարվել է անվան փոփոխություն՝ դառնալով «Լիարժեք կյանք» բարեգործական հասարակական կազմակերպություն, իսկ 2018 թվականի փետրվարի 23-ին կազմակերպության ընդհանուր ժողովի ժամանակ ստացավ ներկայիս անվանումը՝ «Լիարժեք կյանք» ներառական հասարակության խթանման հասարակական կազմակերպություն՝ խորհրդանշելով իր նպատակն ու գործունեության լայն ընդգրկումը։
Այս տարիների ընթացքում «Լիարժեք կյանք» ՀԿ-ն իրականացրել է ավելի քան 100 ծրագիր և նախաձեռնություն, որոնք էականորեն նպաստել են Հայաստանում ներառականության զարգացմանը և հանրային կյանքի բարելավմանը։ Կազմակերպությունը կարևոր դերակատարություն է ունեցել հաշմանդամություն ունեցող բազմաթիվ անձանց կյանքի որակի բարելավման, նրանց զորեղացման և հասարակության մեջ լիարժեք մասնակցության խթանման գործում։
Կազմակերպությունը առաջնորդվում է մարդու իրավունքների վրա հիմնված մոտեցմամբ և ՄԱԿ-ի «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիայի սկզբունքներով։
Այս ամենը հնարավոր չէր լինի առանց մեր համախմբված թիմի, ներգրավված գործընկերների, նվիրատուների և նվիրված կամավորների, որոնք իրենց ներուժով, ջանքերով և աջակցության շնորհիվ կարևոր դեր ունեն մեր աշխատանքում՝ շարունակաբար նպաստելով առավել ներառական և արդար հասարակության կառուցմանը։

ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ
Հաշմանդամություն ունեցող անձանց ձայնը լսելի դարձնելով՝ խթանել հավասար հնարավորություններով հասարակության ձևավորմանը։
ՏԵՍԼԱԿԱՆ
Միասին դեպի նոր բարձունքներ։