ՄԵՐ ՊԱՏՄՈւԹՅՈւՆԸ
«Լիարժեք կյանք» բարեգործական հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 1998թ. հուլիսի 17-ին` քաղաքացիական նախաձեռնության արդյունքում, նպատակ ունենալով պաշտպանելու հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներն ու շահերը, աջակցելու նրանց սոցիալական ներառմանը: 1988 թվականի երկրաշարժից հետո բազմաթիվ էին այն հիմնախնդիրները, որոնց առնչվում էին հաշմանդամություն ունեցող անձինք: «Լիարժեք կյանք» ԲՀԿ-ը տարածաշրջանում դարձավ առաջամարտիկ` իր ուսերի վրա վերցնելով բավական պատասխանատու և ոչ դյուրին առաքելություն՝ աջակցել հաշմանդամություն ունեցող անձանց, նպաստել նրանց բազմաբնույթ և բովանդակալից առօրյայի կազմակերպմանը, աշխատանքներ տանել հաշմանդամություն ունեցող երեխաների կրթության և զարգացման ուղղությամբ, ցուցաբերել հոգեբանական աջակցություն, բարձրաձայնել ոլորտում առկա հիմնախնդիրները, ուղենշել դրանց լուծման ուղիները: Մշտապես հավատարիմ առաքելությանը` որպես գործունեության սկզբունք «Լիարժեք կյանք» ԲՀԿ-ը որդեգրեց մարդասիրությունն ու յուրաքանչյուր անհատի արժանապատվությունը՝ շարունակելով իրականացնել ծրագրեր, որոնց օգնությամբ դարձավ հաշմանդամություն ունեցող անձանց խոսափողը և տարիներ շարունակ լսելի է դարձնում առկա հիմնախնդիրները նաև պետական ատյաններում: Կազմակերպությունն այս տարիների ընթացքում իրականացրել է տասնյակից ավելի ծրագրեր ոչ միայն Ստեփանավանում, այլև հանրապետության մյուս մարզերում:
ՄԵՐ ԱՌԱՔԵԼՈւԹՅՈւՆԸ
«Լիարժեք կյանք» ԲՀԿ-ը նպաստում է հաշմանդամություն ունեցող անձանց համար հավասար հնարավորությունների ստեղծմանը և նրանց մասնակցությանը հասարակական կյանքի բոլոր ոլորտներում՝ կարողությունների զարգացման, շահերի պաշտպանության և հանրության իրազեկման միջոցով:
ՄԵՐ ԿԱՐԳԱԽՈՍԸ
ԼԻԱՐԺԵՔ ԿՅԱՆՔ յուրաքանչյուրի և բոլորի համար:
ՄԵՐ ՏԵՍԼԱԿԱՆԸ
Հասարակություն, ուր արժևորված են յուրաքանչյուրի կարողությունները: