+374 60 755 155 info@fulllife.am

ՄԵՐ ՊԱՏՄՈւԹՅՈւՆԸ

      «Լիարժեք կյանք» բարեգործական հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 1998թ. հուլիսի 17-ին` քաղաքացիական նախաձեռնության      արդյունքում, նպատակ ունենալով պաշտպանելու հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներն ու շահերը, աջակցելու նրանց սոցիալական ներառմանը:  1988 թվականի երկրաշարժից հետո բազմաթիվ էին այն հիմնախնդիրները, որոնց առնչվում էին հաշմանդամություն ունեցող անձինք: «Լիարժեք կյանք» ԲՀԿ-ը    տարածաշրջանում  դարձավ  առաջամարտիկ` իր ուսերի վրա վերցնելով բավական պատասխանատու և ոչ դյուրին առաքելություն՝ աջակցել հաշմանդամություն  ունեցող անձանց, նպաստել նրանց բազմաբնույթ և բովանդակալից առօրյայի  կազմակերպմանը, աշխատանքներ տանել հաշմանդամություն ունեցող երեխաների  կրթության և զարգացման ուղղությամբ, ցուցաբերել  հոգեբանական աջակցություն, բարձրաձայնել ոլորտում առկա հիմնախնդիրները,  ուղենշել   դրանց լուծման  ուղիները: Մշտապես  հավատարիմ առաքելությանը` որպես գործունեության սկզբունք «Լիարժեք կյանք» ԲՀԿ-ը որդեգրեց մարդասիրությունն ու յուրաքանչյուր  անհատի  արժանապատվությունը՝ շարունակելով իրականացնել ծրագրեր, որոնց օգնությամբ դարձավ  հաշմանդամություն ունեցող անձանց խոսափողը և  տարիներ շարունակ լսելի է դարձնում առկա հիմնախնդիրները նաև  պետական ատյաններում: Կազմակերպությունն այս տարիների ընթացքում իրականացրել է  տասնյակից ավելի ծրագրեր ոչ միայն Ստեփանավանում, այլև հանրապետության մյուս մարզերում:                     

ՄԵՐ ԱՌԱՔԵԼՈւԹՅՈւՆԸ

 «Լիարժեք կյանք» ԲՀԿ-ը նպաստում է հաշմանդամություն ունեցող անձանց համար հավասար հնարավորությունների ստեղծմանը և նրանց մասնակցությանը  հասարակական կյանքի բոլոր ոլորտներում՝ կարողությունների  զարգացման, շահերի պաշտպանության և հանրության  իրազեկման միջոցով:

ՄԵՐ ԿԱՐԳԱԽՈՍԸ

  ԼԻԱՐԺԵՔ  ԿՅԱՆՔ յուրաքանչյուրի և  բոլորի համար:
 

ՄԵՐ ՏԵՍԼԱԿԱՆԸ

 Հասարակություն, ուր արժևորված են յուրաքանչյուրի կարողությունները: